Մամուլ

Ջալալ Հարութունյանը կրկին հրավիրվել է հարցաքննության․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանին մեղադրանք առաջադրելուց հետո նրան կրկին հրավիրել է Հատուկ կարևորագույն գործերով վարչություն՝ հարցաքննության: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանից, սակայն նա նշեց, որ որևէ բան ասել չի կարող:

Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ Ջալալ Հարությունյանի գործով ՊԲ ողջ անձնակազմը հարցաքննվել է: Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակը ղեկավարած Ջալալ Հարությունյանին երկու դրվագով առաջադրված մեղադրանքներից մեկը Ցորի զորամասի 20 հրետանավորների զոհվելու հանգամանքներին է վերաբերում։ 44-օրյա պատերազմի օրերին ծանր վիրավորում ստացած ու այդ պատճառով պաշտոնից ազատված 47-ամյա Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագով՝ հենց նրա գործողությունների հետևանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակահարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ»։