Մամուլ

Փաստաբանը Սուրմալուի հրդեհի մասով դիմել է վարչապետին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանին։ Իր դիմումի մեջ նա, մասնավորապես, նշել է. «Տեսչական մարմնի իրավասու պաշտոնյաները, հասկանալով, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում և բացահայտված խախտումներով պայմանավորված՝ մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին բարձր ռիսկայնության վնաս հասցնելու վտանգ է ներկայացնում, հանդուրժել և որևէ միջոց չեն ձեռնարկել «Սուրմալու» առևտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Փոխարենը, խախտումները վերացնելու ժամկետ տրամադրելով, «Սուրմալու» առևտրի կենտրոնը շարունակել է իր գործունեությունը, որով, ըստ էության, ստացվում է, որ հնարավորություն է տրվել շրջանցել այդ խախտումները և շարունակել գործունեությունը:

Ուստի, այս և այլ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտ է նախաձեռնել քրեական վարույթ և միջոցներ ձեռնարկել, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի Տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձանց վարքագծին, և վերջիններիս նկատմամբ իրականացվի օբյեկտիվ ծառայողական քննություն»:

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհ ու պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին, որի հետևանքով ունեցանք 1 անհետ կորած, 60 վիրավոր և 16 զոհ։