Քաղաքական

«Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով և եվրոյով գործարքներից». Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հարցազրույց է տվել ռուսական «Վեդոմոստի» պարբերականին, որտեղ անդրադարձել է Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիներին և ՀՀ-ՌԴ առևտրային հարաբերություններին։

«2022թ. մաքուր ռելոկացիան կազմել է մոտավորապես 108-110 հազար քաղաքացի։ Այսինքն, այդքան ռուսաստանցի եկել է Հայաստան ու մնացել մշտական բնակության»,- ասել է նա։

Նրա տվյալներով՝ 2022թ. Հայաստանում բացվել է ռուսական մասնակցությամբ մոտ 2500 իրավաբանական անձ և 4000 Ա/Ձ։ Անցյալ տարի հաճախորդների միջոցների լրացուցիչ ներհոսքը հայկական բանկային համակարգ նախարարը գնահատում է 3 մլրդ դոլար, ինչն, ըստ նրա, թույլ է տվել ապահովել ՀՆԱ-ի ամբողջ աճի մոտավորապես մեկ քառորդը։

«Այսինքն, 12,6%-ում (2022 թվականի ՀՆԱ-ի աճ) ռելոկացիան ապահովել է ավելի քան 3 տոկոսային կետ», - ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ Ռուսաստանն ու Հայաստանն ամբողջությամբ հրաժարվել են դոլարով և եվրոյով հաշվարկներից։ Ռուբլին, նախարարի գնահատմամբ, այժմ չափազանց անկայուն է, ուստի հայկական դրամն այժմ ավելի նախընտրելի է թվում, սակայն երկկողմ առևտրում դրա օգտագործման ներուժը սահմանափակ է: