Քաղաքական

«Մեծ է էսկալացիայի հնարավորությունը». Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հիմա շատ մեծ է էսկալացիայի հնարավորությունը և՛ ՀՀ սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ իր եզրակացությունը հիմնված է Ադրբեջանի՝ ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից. «Կան նաև որոշակի այլ տվյալներ»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը հիշեցրել է, որ Ադրբեջանի հռետորաբանությունն աճել է թե՛ պատերազմից առաջ, թե՛ հետո։

Նա խոսել է նաև զսպման մեխանիզմների մասին. «ՀՀ-ն չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա, և այս է պատճառը, որ ՀՀ-ն որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին»։

Փաշինյանը հիշեցրեց՝ և՛ 2020թ. պատերազմից առաջ, և՛ դրանից հետո Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրել է ՀՀ գործողություններով. «Հասկանալով, որ հարցեր ենք ստանում նաև ԵՄ մեր գործընկերներից, ասացինք՝ դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք և մեր տեղեկատվության վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենաք»։

Վարչապետը շեշտեց, որ միջազգային հանրությունը պետք է արձանագրի, որ շատ մեծ է նոր էսկալացիայի վտանգը։