Քաղաքական

«Իշխանություններին հեռացնելու հարցում ընդդիմությունը թերացել է». Սեյրան Օհանյան

«Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց նաև հրամայական է փաստել և ընդունել իրողությունը, որ տեղի է ունեցել տարիներ առաջ՝ ՍՍՀՄ փլուզման ընթացքում ԼՂ-ն, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, ինքնորոշվել են իրենց պատմական տարածքում»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա խոսքով՝ գործող իշխանությունների քայլերի արդյունքում Արցախը հայտնվել է անկլավային վիճակում. «Այսօրվա իրենց դիվանագիտական աշխատանքը ոչնչացնում է բոլոր կարմիր գծերը, որ ընդդիմությունն անընդհատ առաջ է քաշում»։

Սեյրան Օհանյանն անդրադարձել է ընդդիմադիր դաշտի գործունեությանը. «Բացի հայտարարություններ անելուց, բացի ԱԺ նախաձեռնություններից, մենք նաև «Դիմադրության» շարժում ենք սկսել, որի մեջ բոլորն ազատ են, և ցանկացած ընդդիմադիր կեցվածք ունեցող ուժ կարող է մասնակցել շարժմանը։ Մենք այդ գործընթացում կարողացել ենք գեներացնել երկրում առկա պայքարի ներուժը և, իհարկե, թույլ չտալ, որ ժամանակից շուտ իշխանությունները գնան գործողությունների»։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր դաշտում ամբողջությամբ չի գեներացվել այն ուժը, որ կարող է իրական դիմադրություն լինել և իշխանություններին թույլ չտալ՝ քայլեր կատարել։ Օհանյանի խոսքով՝ ընդդիմությունն իշխանություններին հեռացնելու հարցում թերացել է։