Քաղաքական

Վեճ խորհրդարանական լսումների ժամանակ. Գուրգեն Արսենյանի ելույթը դուր չեկավ ընդդիմադիրներին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումներին ելույթ ունեցավ նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

«Ցանկանում էի լսել քաղաքական մտքի դրսևորում, սակայն պատահականորեն լսեցի վռնդվածների կողմից վռնդելու հոխորտանք։ Ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ սպառնալիքներ եք ուղղում Հայաստանի գործող օրինական իշխանությանը։ Դուք տե՞ր եք ձեր ասած խոսքերին»,- ասաց Արսենյանը՝ հավելելով, որ իշխանությունը պատասխանատու է իր ասածի ու արածի համար, հասկանում է դրա հետևանքները. «Ձեզ թվում է՝ դուք տրիբունալի մասնակից եք: Ո՞վ եք արա, դուք: Ձեր դատավճիռը տվելա ժողովուրդը։ Այսօր նստած հաթաթաներ եք տալիս, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ռոմանտիկ դրսևորումներ եք արտահայտում։ Ինչ-որ բան մոռացել եք իրականությունից»։ Արսենյանը վստահեցրեց, որ իրենք պատասխանատու են Ղարաբաղի 120 հազար բնակչության համար, պատասխանատու են ՀՀ 3 մլն բնակչության համար։ Արսենյանի ելույթին, սակայն, դահլիճից միջամտեցին, ու ծավալվեց բանավեճ։

Լսումները նախագահող Սեյրան Օհանյանը, դիմելով Գուրգեն Արսենյանին, կոչ արեց խոսել թեմայից. «Թեմայից խոսեք՝ Լաչինի միջանցքից, և իզուր մի բան արեք»։

Արսենյանը, սակայն, հակադարձեց, թե՝ «Դուք Լաչինի միջանցքի՞ց էիք խոսում։ Մինչև հիմա խոսում էիք ՀՀ ժողովրդի ընտրության՝ սխալ լինելու մասին։ Ուրիշ բանից չեք խոսում, չեք կարող խոսել, որովհետև խոսելու նյութ չունեք»։

Արսենյանը նաև շեշտեց. «Ղարաբաղի հարցի շահարկումը Հայաստանում իշխանության գալու հնարավորություն չի տալու ձեզ․ մոռացեք էդ մասին»։

Արսենյանի ելույթի ընթացքում դահլիճից պարբերաբար խանգարում էին, իսկ Սեյրան Օհանյանը կոչ արեց ավարտել ելույթը. «Դուք եք հրահրում, թեմայից դուրս եք գալիս»,- ասաց Օհանյանը։

«Դո՞ւք եք որոշում իմ ելույթի բովանդակությունը»,- հարցրեց Արսենյանը, որին ի պատասխան Օհանյանն ասաց. «Լսումների թեման մենք ենք որոշել»։