ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է ՀՀ հայցն ընդդեմ Ադրբեջանի։
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, թե ՄԱԿ–ի միջազգային դատարանը վերջին հույս է ԼՂ հայերի համար։ Նա մեջբերել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններից, և ասել, որ Ադրբեջանը շրջափակել է Լաչինի միջանցքը և ոչ մի կերպ այն բացելու քայլեր չի անում. «Այս հարցերը պետք է վաղուց լուծված լինեին ՄԱԿ–ի ԱԽ միջամտությամբ 2022-ի դեկտեմբերի 20-ի որոշմամբ։ Սակայն Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության մեջ»։
Ըստ Կիրակոսյանի, ի հեճուկս մարդասիրական ճգնաժամի` Ադրբեջանը փորձում է արդարացնել ու երկարաձգել շրջափակումը` բնապահպանական կեղծ թեզերի անվան տակ. «Ադրբեջանը, կարծես թե, հաստատակամ է ԼՂ հայերին խեղդելու անկախ դրա մարդկային գնից»:
Նա շեշտել է, որ Ադրբեջանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պարտավոր է ապահովել քաղաքացիների ու բեռների անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ինչը, սակայն, չի անում. «Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել»։