Քաղաքական

Հռոմի պապը մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակով

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգված է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքի փակման շուրջ ստեղծված իրավիճակով և կոչ է արել լուծել խնդիրը։ Այս մասին Հռոմի Ֆրանցիսկոս պապն ասել է Սուրբ Պետրոսի հրապարակում իր ավանդական կիրակնօրյա աղոթքից հետո։

«Ինձ մտահոգում է Հարավային Կովկասում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը:

Ինձ հատկապես անհանգստացնում է բնակչության ծանր հումանիտար վիճակը, որը կարող է վատթարանալ ձմռան ընթացքում: Բոլոր կողմերին խնդրում եմ պատասխանատվություն ստանձնել և պարտավորվել գտնել խաղաղ լուծումներ՝ ի շահ ժողովրդի»,- ասել է պապը։

Շաբաթվա սկզբին մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբրև «բնապահպաններ», փակել են Լաչինի միջանցքը։ Այն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհն է։