1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային ժողովի դահլիճում սպանվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանն ու Արմենակ Արմենակյանը: Ոճրագործությունից 23 տարի անց էլ սպանվածների իրավահաջորդները պնդում են, որ բացահայտված չէ, թե ովքեր են կանգնած հանցագործության ետևում, և ովքեր են իրական կազմակերպիչները։
Թեմայի շուրջ Radar Armenia-ն զրուցել է Յուրի Բախշյանի այրու՝ ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանի հետ։
-23 տարի է անցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից։ Այս տարիների ընթացքում դուք փորձել եք հասնել արդարադատության և հայտարարել եք, որ 27-ի բացահայտումը այլընտրանք չունի։ 23 տարի անց ի՞նչ պատկեր ունենք այսօր, գործի վերաբացումից հետո դրական տեղաշարժ կա՞։
-Չկա, ես տեղյակ չեմ։ Գործը վերաբացվել է 2019 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ։ Դրանից հետո մի երեք անգամ հրավիրվել եմ ԱԱԾ, ու վերջ, ոչ մի խոսք։ Հիմա էլ նորընտիր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին եմ բաց մանակ գրել։ Տեսնենք։ Ինքը պարտավոր է պատասխանել։
-Ձեր դիմումի հիման վրա վերաբացվել էր 27-ի գործի՝ կազմակերպիչների մասով դրվագը։ Նախաքննության ընթացքը ձեզ բավարարու՞մ է, թե՞ ոչ։
-Բայց ընթացք եղե՞լ է։ Երեք անգամ ԱԱԾ գնալուց հետո էլ ոչ մի բան չի եղել։ Հետո սկսվեց քովիդը ու… վերջ։
-Ի՞նչ պատճառաբանություններ են ներկայացվում, որ մինչև հիմա այս հարցում հնարավոր չի եղել բացահայտումների հասնել։
-2004 թվականին, երբ գործը փակեցին, գրեցին, որ բոլոր մեղավորները դատված են, բանտարկված են, և ուրիշ մեղավորներ չկան։ Այսինքն, կազմակերպիչներ չկան։ Բայց հետո տեսանք, որ, պարզվում է, շատ լավ էլ կան, որովհետև 2019 թվականի որոշման մեջ գրված է, որ կազմակերպիչներին և հովանավորներին բացահայտելու նպատակով է վերաբացվում գործը։ Այն ժամանակվա իշխանությունը ասում էր՝ կազմակերպիչներ չկան, այսօրվա իշխանությունն ասում է՝ կան, բայց ոչ ձեռքերս են հասնում բացահայտմանը, ոչ կարողություններս է թույլ տալիս բացահայտել։ Չգիտեմ ուրիշ ի՞նչ հանգամանքներ թույլ չեն տալիս, որ բացահայտեն։ Իսկ ինձ համար ավելի քան բացահայտ է՝ ովքեր են եղել հոկտեմբերի 27-ի թելադրողները։ Դրանք այն պետություններն են, որոնք միջանցք են ուզում Հայաստանից տանել՝ Ռուսաստան, Թուրքիա։ 1999 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում Ռոբերտ Քոչարյանը Մեղրին Լաչինի միջանցքի հետ փոխանակման հարցը բերել էր այդ նիստին, որը կատեգորիկ մերժվեց Վազգեն Սարգսյանի և Կարեն Դեմիրճյանի կողմից։ Եվ այսօր ինձ համար առավել քան պարզ է, որ դա էր պատճառը։ Եթե այն ժամանակ լսում էի տարբեր մարդկանց, տարբեր կարծիքներ, բայց այսօր, ինչ կատարվում է միջանցք կոչվածի ուղղությամբ, ինձ համար ակնհայտ է։ 2006 թվականին ռուս գնդապետ Լիտվինենկոն, որին թունավորեցին Անգլիայում, մեռնելուց առաջ ասաց, որ հոկտեմբերի 27-ը Պուտինի իշխանության գործն է։ Այնպես որ, ես չգիտեմ՝ արդարադատությունն ինչ կանի իմ ներկայացրած այդ 57 էջանոց բողոքը, որի մեջ հսկայական ինֆորմացիա կա. փաստեր, մարդկանց անուններ, որոնց ոչ հետևել են, ոչ հարցրել են, ոչ գնացել են։ Ինձ համար պարզ է՝ բացի ներքին տականքներից ով է դրսի պատվիրատուն։
-ՀՀ գլխավոր դատախազին ուղղված նամակում ի՞նչ եք ասում։
-Ես իմ բաց նամակում նորընտիր գլխավոր դատախազին ասում եմ, որ նախկին գլխավոր դատախազը որոշում է կայացրել հոկտեմբերի 27-ի գործը վերաբացել, և պահանջում եմ, որ ինքը՝ նոր դատախազը, մի բան ասի։ Ի՞նչ են անում, գործընթաց կա՞, չկա՞, թե՞ գործը փակել, դրել են մի դարակի մեջ։
Հայկ Մագոյան