Քաղաքական

«Դեմ եմ բանակը նվիրատվության օբյեկտ դարձնելուն»․ Նիկոլ Փաշինյան

ԼՂ հարցում բանակցողի կերպարը կարևոր է և կարող է իրավիճակ փոխել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Օրինակ՝ 1998 թվականին բանակցողի  կերպարն աղետալի կերպով փոխեց իրավիճակը և ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց։ Բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թվականին մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրեցին 1991 թվականի անկախության հանրաքվեն և 1990 թվականին օգոստոսի 23-ին ընդունված ՀՀ անկախության հռչակագիրն այդ մասով»,- ասաց վարչապետը։ 

Անդրադառնալով բանակի խնդիրներին՝ վարչապետն ընդգծեց, որ այդ մասով ՊՆ-ում փակ հանդիպում է տեղի ունեցել։  

«Սեպտեմբերի 13-ի սադրանքի ժամանակ մեր բանակն ամուր կանգնած է եղել դիրքերում։ Այլ բան է, որ ուժերն անհավասար են եղել։ Ես չեմ ասում, թե մեր բանակում բոլոր խնդիրները լուծված են, սակայն ի՞նչ է նշանակում, թե փողոցում տարբեր բաներ են հավաքում։ 

Երեկ պաշտպանության նախարարությունում փակ հանդիպում է տեղի ունեցել։ Հարցրել եմ, ի՞նչ խնդիրներ կան՝ քլունգ, բահ, կոշիկ, սնունդ, էքսկավատոր, ինչի՞ պակաս կա, ասել են նման խնդիրներ չկան։ Պետք է արգելել փողոցներում բանակի համար ինչ-որ բաներ հավաքել։ Դեմ եմ բանակը նվիրատվության օբյեկտ դարձնելուն»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մեր պետության անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության հաստատման փուլում ենք, և սա շատ կարևոր գործընթաց է։

«Պետք է ամուր լինենք և այս ճանապարհն անցնենք։ Պետության հարատևության երաշխավորման գործընթաց է և, այո՛, կան ռիսկեր։ Պետք է լինենք վճռական։ Սա չի նշանակում, թե մինչև հիմա անկախ չենք եղել, պարզապես մեր ոչ բոլոր հարթություններն են լրացված եղել, և մենք այսօր առերեսվում ենք այդ ճեղքերի հետ»,- ասաց վարչապետը։

Նա հավելեց, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, համաշխարհային փոթորիկ է։