Քաղաքական

Եթե ընդունակ չես սեփական անվտանգությունը պաշտպանել, անիմաստ է հույսը դնել դիվանագիտության վրա

Տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ Radar Armenia-ն զրուցել է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի հետ։

-Ալիևի հռետորաբանությունը, կարծես, չի փոխվում։ Ի՞նչ սպասել Ալիևի վերջին հայտարարություններից հետո։

-Ալիևի հայտարարությունները համապատասխանում են իրականությանը։ Այս պահին միայն հայտարարություններով դժվար է զսպել Ադրբեջանին։ 

-Իսկապե՞ս միջազգային հանրության քննադատությունները չեն անհանգստացնում Ալիևին։

-Կարևոր է, որ արտաքին լուրջ խաղացողները, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգները, չսահմանափակվեն միայն հայտարարություններով, այլ նաև հստակ ուղերձ հղեն Բաքվին, որ Հայաստանի դեմ նոր ագրեսիա իրականացնելու դեպքում հստակ հետևանքներ կարող են լինել Ադրբեջանի համար։ Այսինքն, առնվազն պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքը պետք է լինի, որպեսզի Բաքվում ավելի զգույշ մոտենան վարվող ագրեսիվ քաղաքականությանը։

-Ի՞նչ պետք է այս փուլում անի Հայաստանը, որպեսզի պահպանվի հարաբերական խաղաղությունը սահմաններին։

-Ակնհայտ է՝ քանի դեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօրինակ ռազմական դիսբալանս է պահպանվում, Ադրբեջանը շարունակելու է այս ուժային ճնշման քաղաքականությունը Հայաստանի վրա։ Եվ այստեղ միակ լուծումը անհրաժեշտ սպառազինությունների ձեռքբերումն է, որն այդպես էլ չիրականացվեց վերջին 2 տարում, և, իհարկե, զինված ուժերի իրական բարեփոխումները։ Առանց այս երկու բաղադրիչի անիմաստ է խոսել մյուս քայլերի մասին։ Դիվանագիտությունը, մեծ հաշվով, կարող է սպասարկել այն ինչ կա գետնի վրա։ Այսինքն, եթե չունես կարողություններ, ընդունակ չես սեփական անվտանգությունը պաշտպանել, անիմաստ է հույսը դնել դիվանագիտության վրա։ Սակայն դիվանագիտական աշխատանք ևս պետք է կատարել։

Հայկ Մագոյան