Քաղաքական

Այսօր Առաջին Հանրապետության օրն է

Մայիսի 28-ը Հայաստանի ազգային տոնացույցում նշվում է որպես Հանրապետության օր:

1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին: Ըստ այդ հայտարարության. «Անդրկովկասի քաղաքական ամբողջականության անկումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի կողմից անկախության հռչակմամբ պայմանավորված` Հայկական ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»:

Նորանկախ հանրապետությունը խորհրդարանական էր, իսկ առաջին վարչապետ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ Հռչակման պահին ՀՀ տարածքը 12 հզ. քառ. կմ էր, իսկ բնակչությունը՝ 700 հազար։

Սակայն առաջին Հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, և 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակի մուտքով վերջ դրվեց անկախությանը, որից ժամեր առաջ էլ ավարտվել էր թուրք-հայկական պատերազմը Հայաստանի պարտությամբ և Ալեքսանդրապոլի պայմանագրի կնքմամբ:

Մեզանում տոնը պաշտոնապես նշվում է 1992 թվականից:

Նշենք նաև՝ Հայաստանի ներկայիս Հանրապետությունը ժառանգեց հայկական առաջին անկախ պետականության խորհրդանիշները` դրոշը, օրհներգը և զինանշանը: