Վերլուծություն

Ո՞վ է վճարելու պարտության գինը

44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո հայաստանյան քաղաքական միտքը փոփոխական հաջողութամբ անվերջ փորձում է խուսափել այդ իրողության հետ ուղիղ առերեսումից։  

Աճպարարությունը և ինտելեկտուալ ծուլությունը որպես հայրենասիրություն հրամցնելուն սովորած գործիչներն այժմ էլ չեն ցանկանում փոխել իրենց սովորությունը։ Բնականաբար, ավելի հեշտ է հասարակությանը կերակրել «մենք չենք պարտվել», «Հայաստանը չի պարտվել, Նիկոլն է պարտվել», «հետ ենք բերելու», «թուրքի հետ խոսողը թուրք է», «ի՞նչ խոսենք թուրքի հետ», «կուժեղանանք, հետո կխոսենք» և նմանատիպ այլ կարգախոսներով, քան՝ նստել ու հանրային համերաշխության գալ՝ Հայաստանի առջև ծառացած լրջագույն մարտահրավերներին համարժեք պատասխան ձևավորելով։ Սակայն այդ դատարկախոսությունը ուղիղ ճանապարհ է դեպի հանրային համերաշխության անվերադարձ ջախջախում և, վերջնարդյունքում, թերևս, Հայաստանի կործանում։

Հայաստանի և Արցախի քաղաքական ու պետական այրերն ակնհայտորեն ունեն տրամաչափի մանրության խնդիր։ Փոքր տրամաչափի մարդիկ պարզապես ունակ չեն լուծելու խոշոր խնդիրներ։ Առավելագույնը, ինչ կարող են անել, խնդիրն արհամարհելն է, առաջնահերթություն չհամարելը կամ դրա լուծումը հնարավորինս երկարաձգելը՝ պատասխանատվությունը սեփական ուսերից գցելու համար։ Այդ ընթացքում, իհարկե, դրա անունը դնում են «խնդրի սառեցում», իսկ իրականում հաջորդ սերունդների վրա են բարդում, ինչպես վարվեցին ԼՂ խնդրի հետ շուրջ քսան տարի՝ վերջում ստիպելով 4000 երիտասարդների՝ սեփական կյանքի գնով վճարել 20-ամյա «քեֆ-ուրախության» հաշիվը։

Այդ մտածողությամբ ու առաջնահերթություններով էլ նման տրամաչափի գործիչների ինտելեկտուալ արգասիքը վեր չի բարձրանում «ստատուս քվոյի անվերջ երկարաձգում», «ժամանակը աշխատում է մեր օգտին» և «ապագայում ավելի լավ կլինի վիճակը, նոր կլուծենք խնդիրը» բանաձևերից։ Դրանք, ըստ էության, իրենցից ներկայացնում են անպատասխանատվության և գավառական խորամանկության համադրություն։ Ընդհանրապես, մեզանում շատ հաճախ են շփոթում գավառական խորամանկությունը դիվանագիտական աշխատանքի հետ։ Գավառական խորամանկության դասական օրինակն է բանակցությունների ու ներքին շուկայում քարոզի միջև էութենական տարբերությունը։ Կամ, երբ քաղաքական հաշվարկն արվում է քեզանից չկախված փոփոխական մեծությունների, ընդ որում՝ հազարավոր մարդկանց կյանքերի վերաբերող հարցերում։ Պատասխանատվությունից խուսափելու դասական օրինակն է լուծումը հետագային թողնելու տարբերակը։ Այո, իրավիճակը գուցե այնքան ծանր է, որ կարող է թվալ, թե լավագույն լուծումը իրավիճակի սառեցումն է, լուծումը հետաձգելը, ստատուս քվոյի պահպանությունը։ Բայց լուծման հետաձգումը միայն ծանրացնելու է մեր դրությունը։ Գոյություն չունի օբյեկտիվ չափման որևէ սանդղակ, որը ցույց կտա, որ հարցի լուծման հետաձգումը ապագայում կարող է դրական ազդեցություն ունենալ։ Չկա շոշափելի ու հաշվելի որևէ մեծություն, որը ժամանակի հետ փոխվում է Հայաստանի օգտին ու թույլ է տալու՝ օգտվել պահի հնարավորից։ Ինչ է՝ Ռուսաստա՞նն է դադարելու աշխարհաքաղաքական շահեր ունենալ և հրաժարվել Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներից ու վերջինիս աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորություններից։ Թուրքիա՞ն է մասնատվելու ու կամովին ստանձնելու Սևրի պայմանագրի կատարման հանձնառությունը։ Ադրբեջա՞նն է մաս-մաս լինելու ու հրաժարվելու Հայաստանի ուժեղացումը կանխելու գերնպատակից։ Ամերիկացիներն ու եվրոպացինե՞րն են հիշելու հայերի քրիստոնեական բնույթը և նավերը բարձրացնեն Ղարաբաղի լեռներ։ Ի՞նչ պայման է փոխվելու ժամանակի ընթացքում, որտեղ կենտրոնական դերը նաև վերապահված է Հայաստանի հզորացմանը։ Սակայն, թե ինչի՞ հաշվին է Հայաստանը տնտեսական ու ռազմական հզորության հասնելու, ստատուս-քվոյի կողմնակիցները ծպտուն չեն հանում։ Եվ ուրեմն, «ժամանակ ձգելն ու սառեցնելը», քաղաքական մտքի տեսանկյունից, սնանկ մոտեցումներ են, որոնք միայն հետաձգում ու մեծացնում են սպասվող արհավիրքը։

Այս բոլոր թերացումների ու բացթողումների համար վճարել, վճարում է ու շարունակելու է վճարել ՀՀ քաղաքացին։ Նա դեռ այնքան է շարունակելու «փակել այս հաշիվը», քանի դեռ չի պահանջել կտրել այդ արատավոր շղթան։ Հայաստանին պետք են շրջադարձային փոփոխություններ։ Ներկայիս ընթացքը դանդաղ ինքնասպանություն է։ Եթե չի փոխվում արտաքին, ներքին քաղաքականությունը ու պետական կառավարման փիլիսոփայությունը, ամեն ինչ տանում է նրան, որ մենք վերջին մեկ դարում երկրորդ անգամ «կհաջողացնենք» կորցնել ինքնիշխան պետականությունը, որի դեպքում մեծ կայսրության «թաթարստանյան» ծայրամաս դառնալը կդիտվի «մեծ նվաճում», ինչպես արդեն սկսել են քարոզել մի շարք գործիչներ։