Մամուլ

Նոր չափանիշներ ավտոշուկայի համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը որոշել է զբաղվել ավտոշուկայով: Առաջիկայում կսահմանվեն ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ: Ըստ նախարարության՝ դրանք պետք է համապատասխանեն տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, որպեսզի գրավիչ դառնա ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում ավտոմեքենաների ձեռք բերման գործընթացը:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ ավտոմեքենաների շուկայի ընդհանուր տարածքի մակերեսը պետք է լինի առնվազն 50000 քմ, այդ թվում՝ փակ տարածքներինը՝ առնվազն 1000 քմ: Ավելին ավտոշուկան պետք է կահավորվի տեսախցիկներով:

Շուկայի տարածքում կազմակերպիչը պետք է նախատեսի տարածքներ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական խմբի համար ավտոմեքենաների պետական հաշվառման գործընթացն իրականացնելու նպատակով: Նաև տարածք պետք է հատկացվի մեքենաների համարանիշեր պատրաստող կազմակերպության համար, տրանսպորտային միջոցների ներմուծման և արտահանման գործընթացը կազմակերպող պետական և ոչ պետական մարմինների համար անհրաժեշտ ձևակերպումները տեղում իրականացնելու նպատակով»։