Արցախ

Դադարեցրեք Արցախը կործանման տանող այս ընթացքը. Արցախի առողջապահության նախկին նախարար

Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ընդամենը երեք ամիս առաջ՝ Արցախի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ, անձանց որոշակի խմբի կողմից որոշակի պայմանավորվածություններով արցախցու վզին փաթաթվեց փրկչական կերպարով ներկայացած մի ծրագիր: Թեև անունը ծրագիր էր, բայց ոչ բեմագիր ուներ, ոչ պլան, ոչ հեղինակներ, ոչ հովանավորներ: Բայց թե ինչեր էին պատմում՝ էլ Պուտին, էլ Քարդաշյան, էլ Անգլիայի թագուհի, էլ Բայդեն... Խեղճ արցախցին ցնծությունից խելագարության էր հասել:
Իսկ հիմա՝ ավելի լուրջ. ընդամենը երեք ամսում Արցախը կորցրել է ֆինանսական, տնտեսական (մնացյալները չեմ կարողանում բարձրաձայնել) ողջ դիմադրողականությունը, ներքին լարվածությունը և թշնամանքը հատում է բոլոր թույլատրելի սահմանները: Յուրաքանչյուր օրն ավելի է խորացնում ճգնաժամը,  ներիշխանական խաղերը ամբողջությամբ արժեզրկում են այն ամենը, ինչը համառ արցախցիների ջանքերով վերականգնվել ու պահպանվել է ետպատերազմական երկու տարում:
Այս ամենի պատասխանատուն Արցախի նախագահն է, ով պարտավոր է գործել սթափ ու առանց զգացմունքայնությանը տրվելու։ 
Մի բազմապատկեք ձեր պատասխանատվության ծավալը, այն քիչ չէ, բարձր գտնվեք ներանձնային շփումներից ու կախվածություններից և դադարեցրեք Արցախը կործանման տանող այս ընթացքը»: