Արցախ

Ադրբեջանական հատուկ ծառայությունները փորձում են Արցախում խուճապ տարածել. ԱՀ ԱԱԾ

Արցախի ԱԱԾ-ն հերքել է ՌԴ խաղաղապահ ուժերի դուրս գալու վերաբերյալ լուրերը, նշելով, որ դրանք տարածում են ադրբեջանական հատուկ ծառայությունները՝ նպատակ ունենալով խուճապ տարածել։

«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները զանգահարում են Արցախի պետական կառույցների կայքերում առկա հեռախոսահամարներին և մոտակա օրերին ՌԴ խաղաղապահ ուժերի Արցախից դուրս գալու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։ Առաջիկա օրերին չի բացառվում նաև պետական կառույցների կայքերի վրա հաքերային հարձակումները։

ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:

Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- ասված է ԱՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։