Արցախ

Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի ներկայացուցիչների հետ այցելել է Բերձոր. ԱԽ գրասենյակը հաստատում է

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր:

«Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր  Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:

Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե արդյոք նշված տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել՝ Արցախի ԱԽ գրասենյակից նշել են.

«Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:

Հարցին, թե արդյո՞ք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր՝ ԱԽ գրասենյակից պատասխանել են, որ Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր այցելություն չի եղել:

«Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար:

«Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ», - նշել են Արցախի ԱԽ գրասենյակից: