Արցախ

Աղանուս համայնքի տարածքը այսօր վերադառնում է միջանցք. Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, «Արմենպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի. (առանձնացրել ենք կարևոր մտքերը)

- Արցախի Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակչությանը տարհանելու նպատակով ներկայում ցուցակագրման գործընթաց է իրականացվում՝ պարզելու, թե ովքեր են ցանկանում հաստատվել Արցախում, ովքեր՝ Հայաստանի Հանրապետությունում: Երեք համայնքներում, ընդհանուր առմամբ, մոտ 100 ընտանիք է բնակվում:

- Այն ընտանիքները, որոնք կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն, կստանան բնակարան գնելու սերտիֆիկատ, իսկ մինչ այդ՝ բնակարանի վարձավճարի փոխհատուցում։

- Նախնական տվյալներով Արցախում հաստատվելու ցանկություն է հայտնել նշված համայնքների բնակչության մոտ 25-30 տոկոսը։

- Մինչև օգոստոսի 25-ը հնարավոր է արագ և ժամանակին կազմակերպել տարհանման գործընթացը: 

- Ընդամենը մեկուկես տարի է անցել, ինչ Աղանուս համայնքի տարածքը հանձնվեց, բայց այսօր այդ համայնքի տարածքը վերադառնում է միջանցք. դուրս է գալու Ադրբեջանի վերահսկողությունից, բայց այնտեղ ամեն ինչ թալանված ու այրված է՝ սկսած առաջին պատերազմի տարիներից մինչև 2020 թվական:

- Եթե բնակֆոնդը պահպանված լիներ, ապա այդ միջանցքն այսօր հանգիստ կարող էինք բնակեցնել:

- Նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում՝ Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով և հասնում մինչև ՀՀ սահման։

- Դեռևս կառուցված չէ դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Մինչև այդ, ժամանակավորապես կանցնենք 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով, որը միանում է գործող  մայրուղուն՝  Աղավնոյի հենց վերևում։

- ՀՀ սահմանից Կոռնիձոր ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է կառուցել մոտ 250 օրում:

- Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով  անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։

- Այլընտրանքային ճանապարհի երկայնքով Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքների, մասնավորապես, կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի  անցկացման աշխատանքներն արդեն ընթացքում են, որը նախատեսում են ավարտել սեղմ ժամկետներում: