Մշակույթ

Լեզվի կոմիտեի «Տարվա բառը»

Լեզվի  կոմիտեն  անցյալ  տարեվերջին  առաջին  անգամ  նախաձեռնեց  հայերեն  «Տարվա  բառի»  ընտրությունը։  Ընտրության  համար  կոմիտեի  կայքի  «Այսօրվա  հայերենը»  բաժնի  բառերի  շարքից  առաջարկվեց  15-ը  (այբբենական  կարգով),  որոնցից  Լեզվի  կոմիտեի  առցանց  հետևորդները  քվեարկությամբ  որոշեցին  «Տարվա  բառը»։  Քվեարկությամբ  հաղթեց  ԱՌԱՋՆԱԳԻԾ  բառը  (այս  բառի  օգտին  քվեարկել  է  մասնակիցների  15%-ը)։  Պատճառը  պարզ  է.  վերջին  երկու  տարում  ԱՌԱՋՆԱԳԻԾ  բառի  կիրառությունը  զգալիորեն  ավելացել  է,  քանի  որ  երկրի  և  ամբողջ  ազգի  ուշադրությունը  սևեռված  է  առաջնագծին։ Երկրորդ  տեղում  ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ  բառն  է  (14%)։  ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ-ն  այժմ  հաճախադեպ  է,  քանի  որ  հանրությունը  ապատեղեկատվական  հոսքերի  անմիջական  ազդեցության  տակ  է։ Երրորդ  տեղում  ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ  բառն  է  (10%)։  Քանի  որ  պատվաստվելը  և  պատվաստանյութի  ընտրությունն  առնչվում  են  յուրաքանչյուր  քաղաքացու,  այս  արդյունքը  բնական  է։  Ամենաշատ  ձայներ  հավաքած  եռյակին  հաջորդում  են  հետևյալ  բառերը՝  ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅՈՒՆ  (8%),  ՀԱՅԱՍՏԱՆԱԿԵՆՏՐՈՆ  (8%),  ՍՐՏԻԿԵԼ  (8%),  ԼՐՃԱՐԱԿ  (7%)  և  ՀԱՄԱՎԱՐԱԿ  (7%)։