Քաղաքական

Հայաստանին թուրքական տնտեսական էքսպանսիա չի սպասվում. Բ. Թունյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ Թուրքիայի հետ Հայաստանը այսպես, թե այնպես 30 տարի առևտուր է արել՝ չնայած սահմանները փակ են եղել, բայց Վրաստանի միջոցով ապրանքաշրջանառություն տեղի ունեցել է»։

«Այստեղ պետք է հաշվի առնել, որ եթե այդ տրամաբանությամբ ենք նայում, պետք է ընդհանրապես մեկուսանանք բոլոր այն երկրներից, որոնք մեզնից ավելի մեծ շուկա և առևտրական հնարավորություններ ունեն, և տեղում արտադրենք այն, ինչ մեզ անհրաժեշտ է, բայց պետք է նկատի ունենալ, որ անգամ բաց սահմանների դեպքում, Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ է, իսկ այդ Միությունը ունի իր ներքին շուկան պաշտպանելու մեխանիզմներ, մաքսատուրքեր և այլն։ Ու ավելի շատ պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե մենք որ ուղղություններով կարող են ավելի մրցունակ լինել, որ, անկախ երկրի չափերից, մենք կարողանանք անարգել մեր գործունեությունը իրականացնել։

Վերջերս հրապարակվեց Կառավարության ծրագրով նախատեսված արդյունաբերության գերակա ուղղությունների հայեցակարգը։ Դրանք հիմնականում բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ոլորտներն են, մեր ավանդական ճյուղերը և տեղեկատվական տեխնոլոգիաները»,- ասել է Թունյանը։

Պատգամավորը չի  կարծում, որ Հայաստանին թուրքական էքսպանսիա է սպասվում, իսկ նման վտանգի դեպքում կանխարգելիչ միջոցառումներ պետք է անցկացվեն։

«Եթե մենք գտնում ենք, որ հասարակության մեծամասնությունը մտավախություն ունի և չի ցանկանում, որ թուրքական ապրանքները տեղում հայկական շուկաները գրավեն, այդ հասարակությունը պետք է բոյկոտի թուրքական ապրանքները։ Եթե հասարակությունը գնում է այդ ապրանքները, իմանալով, որ դրանք թուրքական են, նշանակում է, հասարակության մեջ մտավախության առկայությունը չափազանցված է»։