Ժամանց

Telegram-ի հիմնադիրն իր 100 երեխաներին ժառանգություն կթողնի մեկ պայմանով

Հաղորդագրությունների հայտնի Telegram հավելվածի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ իր 13,9 միլիարդ դոլար կարողությունը ժառանգելու են իր բոլոր 100 երեխաները, որոնք ծնվել են իր սերմնաբջիջների դոնորության արդյունքում։

Ֆրանսիական Le Point ամսագրին տված հարցազրույցում 40-ամյա տեխնոլոգիական միլիարդատերը նշել է․

«Բոլորն իմ երեխաներն են և ունենալու են հավասար իրավունքներ։ Չեմ ուզում, որ մահիցս հետո միմյանց ճանկռեն ժառանգության համար»։

Դուրովը նշել է, որ պաշտոնապես վեց երեխա ունի երեք տարբեր կանանցից, սակայն այն կլինիկան, որտեղ սկսել է սերմնաբջիջներ նվիրել դեռ 15 տարի առաջ, իրեն տեղեկացրել է, որ շուրջ 100 երեխա է ծնվել իր դոնորությամբ։

Նա նաև նշել է, որ երեխաները ժառանգություն չեն ստանա առաջիկա 30 տարվա ընթացքում, քանի որ ցանկանում է, որ նրանք «կյանքն սկսեն զրոյից, սովորեն վստահել իրենց ուժերին և չլինեն ֆինանսապես կախված»։

Պավել Դուրովն ընդգծել է, որ արդեն կտակ է կազմել։

Ռուսաստանյան ծագմամբ 40-ամյա Դուրովը ներկայումս բնակվում է Դուբայում, ունի Ֆրանսիայի և ԱՄԷ-ի քաղաքացիություն։ Telegram-ի գլխամասային գրասենյակը նույնպես տեղակայված է Դուբայում։