Մշակույթ

«Սա միջնադար է». Ծատուրյանը՝ «բ**ի տղա» արտահայտության պատճառով ներկայացումն արգելելու մասին

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում արգելվել է Նիկոլայ Ծատուրյանի ղեկավարած 3-րդ կուրսի ուսանողների՝ Էդգար Կոստանդյանի գրած «Որբանոցը» կուրսային բեմադրությունը։ Ըստ բուհի՝ այն անընդունելի է համարվել ներկայացման ընթացքում հնչած անպատշաճ արտահայտությունների համար։ 

Այսօր թատերականի ուսանողները դասադուլ էին հայտարարել. նրանք պնդում են՝ գրաքննություն չի կարելի սահմանել, իսկ «բ*զ» արտահայտությունը գրական հապավում է։ Ըստ նրանց՝ արգելքն անհիմն է, քանի որ ռեկտորը նույնիսկ ներկայացումը չի դիտել։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլայ Ծատուրյանն, անդրադառնալով «բ**ի տղա» արտահայտության՝ ներկայացման արգելքի պատճառ դառնալուն, նշեց, որ ինստիտուտը շարժվում է սովետական օրենքներով, այնինչ պետք է նորովի մտածել. «Մի տեղ ասացի՝ միջնադար եք հիմա։ Սա իսկապես միջնադար է։ Չեն նայել ախր, ո՞նց կարող են խոսել։ Դա նույնն է, որ ես խոսեմ իմ ապագա կնոջ բնավորության մասին, ում չեմ ճանաչում․ կատարյալ աբսուրդ է»։

Նշենք, որ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը պարզաբանում է տարածել, հրապարակելով ԵԹԿՊԻ-ի ռեկտորատի 2023թ. մարտի 13-ի նիստի N7 արձանագրությունը.

1. Հիմք ընդունելով Ն. Ծատուրյանի 3-րդ կուրսի «Որբանոցը» կուրսային բեմադրությունը և ներկայացման ընթացքում հնչած ոչ պատշաճ արտահայտությունները, նաև սույն նիստում արտահայտված կարծիքները՝ որոշվեց.

  • անընդունելի համարել Ուսանողական թատրոնի բեմից այսուհետ նման արտահայտությունների առկայությունը,
  • հանձնարարել Դերասանի վարպետության և ռեժիսուրայի ամբիոնին (ամբիոնի վարիչ՝ Ժ. Դադասյան) դերասանական և ռեժիսորական կուրսերի կուրսային և դիպլոմային ներկայացումների գրական հիմքերը նախապես քննարկել ամբիոնում»։