Միջազգային

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի պաշտոնյաների նկատմամբ

ԱՄՆ Պետքարտուղարությունը վիզային սահմանափակումներ է մտցրել Բելառուսի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք ներգրավված են երկրից դուրս այլախոհների նկատմամբ ապօրինի բռնաճնշումների մեջ։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է անցած տարի Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ բելառուս մարզիկ Քրիստինա Տիմանովսկայայի բռնի հայրենադարձության հարցին:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները համերաշխություն է հայտնում Տիմանովսկայային և բոլոր մյուսներին, ովքեր բախվել են քննադատներին լռեցնելու՝ ռեժիմի փորձերին:

Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունը Բելառուսի ժողովրդին: Նա միաժամանակ  Ալեքսանդր Լուկաշենկոյի վարչակարգին հորդորել է դադարեցնել բռնաճնշումները, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երկխոսել ժողովրդավարական ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ, ինչպես նաև անցկացնել միջազգային վերահսկողության ներքո ազատ ու արդար ընտրություններ: