Մշակույթ

Այսօր Հրանտ Մաթևոսյանի 87-ամյակն է

Այսօր մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է՝ 87-ամյակը:

Հրանտ Մաթևոսյանը ծնվել է Լոռվա Ահնիձոր գյուղում 1935 թվականին:  Սովորել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1958-1962 թվականներին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում և «Գրական թերթում» որպես սրբագրիչ: Մաթևոսյանը Գրական ասպարեզ է իջել 1961 թվականին լայն արձագանք գտած «Ահնիձոր» ակնարկով։ Անդրանիկ ժողովածուն՝ «Օգոստոսը», լույս է տեսել 1967-ին:

Մաթևոսյանն իր գործերում պատմում էր գյուղի, գյուղացիների կյանքի, նրանց ծանր աշխատանքի մասին: Պատմելու նրա ձևը նորություն էր հայ գրականության մեջ: Նրա հերոսները մարդիկ են, որոնք չեն լքում իրենց աշխարհը, իրենց գյուղը, չարչարվում են ամբողջ կյանքում, որովհետև գտնում են, որ մարդու առաջին պարտքը աշխատել և աշխարհը լավացնելն է: Ահռելի է Մաթևոսյանի ավանդը ժամանակակից հայ գրականության մեջ. նա սահմանեց բարձր նշաձողեր, այդպես նաև ուղենիշ դառնալով շատ հայ գրողների համար:

Մաթևոսյանի երկերի հիման վրա և նրա սցենարներով նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Օգոստոս», «Աշնան արև», «Տերը» գեղարվեստական կինոնկարները, բեմադրվել են «Մեծ աշխարհի մեր անկյունը», «Չեզոք գոտի», «Մեծամոր» և այլ գործեր: Նրա երկերը թարգմանվել են շուրջ 40 լեզվով: Հրանտ Մաթևոսյանը 1996-2000 թվականներին նախագահել է Հայաստանի գրողների միությունը:

Մեծանուն գրողը մահացել է 2002 թվականին Երևանում:

«...Բա գաս, խավար, վտանգներով լեցուն միջնադարով գաս հասնես 20-րդ լուսավոր դարի շեմին ու կոտորվե՞ս… Բա հիմա գաս, գաս հասնես երրորդ հազարամյակի շեմին ու քո 2000 տարվա փորձից մի դաս չքաղե՞ս։ Այդ 20 դարերի ոչ մի հատվածում, ոչ մի ճակատագրական պահի չկարողանա՞ս մի քայլ ետ կանգնես ժամանակին, մի դաշնակից ավելացնելով` մի թշնամի պակասեցնես, մի վիրավորանք կուլ տաս, որ հետևյալ 100 տարին չմեռնես ամոթից, մի զոհ տաս` 1000-ը խնայես, մի գյուղ տաս` 1000-ը պահպանելու համար։ Բա այսքան պարտություն կրես ու հաղթել չսովորե՞ս...»

«…Մեր ներսի անպատասխանատու ալարկոտի հետ դաշնակցած, մեր գործն ու վարքը կապում ենք՝ որպես թե դեմոկրատական շարժման, որպես թե բռնակալության տապալման, որպես թե Անկախ պետությունների համագործակցության անհեռանկարայնության հետ, և որպես թե ահա մենք ինչ-որ մի բանի առաջամարտիկներ ենք: Մինչդեռ ինքներս պիտի լինեինք մեր գլխի տերը, երեկ՝ նախկին հանրապետության, այսօր՝ այս նոր հանրապետության առջև մեր պարտականությունները կատարեինք բծախնդրությամբ… Երեկ բանակը չենք լիցքավորել հայկական ուժերով, երեկ առաջադրված բարեփոխումները չենք լցրել հայկական մտքի և ուժի կարողությամբ, չենք ենթարկվել երեկվա մեխանիզմին և չենք ենթարկվում այսօրվա մեխանիզմին…շատ անպատասխանատու ենք…»:

«…Մենք անընդհատ ասում ենք՝ չենք արել, չենք արել… Ո՞վ էր անելու, ինչո՞ւ չի արել: 1988 թվականից հետո բոլոր հաջորդ իշխանությունները կրկնել են նախորդների սխալները և ավելացրել են սեփականը: Մենք ինչո՞վ ենք, օրինակ, լավը բաբելացիներից, ասորեստանցիներից, մյուսներից, որոնք կորանգնացին. գուցե մենք էլ ենք կորել, պարզապես դեռ չենք գիտակցում…»:

«…Մթնոլորտը, ոչ, չի պարպվել. դեռ դարաններ են սքողվում, դեռ դղյակներ են հօդս ցնդելու, դեռ արյունոտ հաշվեհարդարներ են լինելու, Հայն ու Հայը, Հայն ու Հայաստանը դեռ անցնելիք ճանապարհ ունեն իրարից հեռանալու…»:

«…Պետք է մտածեինք պահանջատիրոջ մասին և ոչ պահանջատիրության: Պետք է սիրեինք այս Հայրենիքը, հոգայինք այսօրվա հոգսը: Այլապես, հնարավոր է, վաղը պահանջատիրությունը բավարարվի՝ մեջտեղը պահանջատեր չլինի, մանավանդ որ այսպես մի անգամ արդեն եղել է. ձեզ Երզնկայից Շուշի երկիր ենք տալիս, բայց ժողովուրդ չունեք…»:

«…Երկրները առհասարակ պարտվում են իդեոլոգիաների պարտությունից հետո, մշակույթների պարտությունից հետո, երկրները, պետությունները զոր ու զորքով գրոհում են, իհարկե, մշակույթների նախնական գրոհումներից հետո։ Եվ մի մշակույթը տեղի է տալիս մի այլ մշակույթի, որից հետո հաջորդում է գրոհող երկրի զորքերի ներխուժումը…»: